AM
14 Հոկտեմբեր 2005 - 11:22 AMT

Ա.Աբրահամյան. Մի շարք ուղղություններով Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում չի զգացվում

«Ռուսաստանի հայերի միության կազմավորումից հետո արդեն հինգերորդ անգամ է, ինչ մենք զանգվածային այցելություններ ենք կազմակերպում Հայաստան Մոսկվայում եւ Պետերբուրգում բնակվող հայերի, Ռոստովի, Կրասնոդարի երկրամասի, Սիբիրի, Հեռավոր Արեւելքի, Հյուսիսի հայկական համայնքների ներկայացուցիչների համար: Այսօր Ռուսաստանում բնակվում են շուրջ 2 մլն հայեր»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք կապ պաշտպանեն իրենց պատմական հայրենիքի հետ: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց միջոցով Հայաստանում մշտապես զգալի լինի ոչ միայն ռուսաստանցի հայերի, այլ նաեւ Ռուսաստանի ներկայությունը: Այս տարի տեղի ունեցավ մեր հոբելյանական այցելությունը Հայաստան: Ռուսասատնի հայերի միությունը հինգ տարեկան է»,-նշել է Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով, պատվիրակության կազմում ինչպես միշտ ընդգրկված էին ռուս հասարակայնության ներկայացուցիչներ, ռուսաստանցի գրողների կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: «Այս տարի այցելությունը եւ մեր բոլոր միջոցառումները անց են կացվել «Հայաստանում Ռուսաստանի տարվա» շրջանակներում: Նախկինում հիանալի մի ավանդույթ կար` միութենական հանրապետությունների տասնօրյակներ: Այսօր նման տասնօրյակներ չեն անցկացվում, սակայն անց են կացվում Ռուսաստանի տարիներ ԱՊՀ այլ պետություններում: 2005 թվականը Հայաստանում հայտարարված է Ռուսաստանի տարի: Հաջորդ տարի Ռուսաստանում ներկայացված կլինի Հայաստանը: «Դա միասնական մշակութային տեղեկատվական տարածքը, մեր ժողովրդների եւ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները պահպանելու փորձ է»,-ավելացրել է Արա Աբրահամյանը: Անդրադառնալով Հայաստանի բնակչության վերաբերմունքին Ռուսաստանի հանդեպ, Ա.Աբրահամյանը նշել է.«Հիմնականում ինչպես Հայաստանի քաղաքական, այնպես էլ հանրության լայն շրջանակներում ուժեղ են ռուսամետ տրամադրությունները եւ ընդհանրապես համակրանքը Ռուսաստանի հանդեպ: Բավական է ասել, որ Հայաստանում աշխատում են բոլոր ռուսական հեռուստաալիքները, Ռուսաստանը լայնորեն ներկայացված է տեղեկատվական եւ մշակութային ոլորտում: Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմակայանը, ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի սահմանները իրենց հայ գործընկերների հետ: Շատ բարձր մակարդակի վրա են գտնվում ռազմաքաղաքական հարաբերությունները մեր երկրների միջեւ: Սակայն վերջերս նկատվում է տագնապալի միտում այդ ոլորտում: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է որ մտահոգվի այդ հարցով: Կա որոշակի բացասական դինամիկա Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության տրամադրություններում: Գնալով Հայաստանի ավելի մեծ թվով բնակիչներ են այսօր որպես ուժային կենտրոնի նայում ոչ միայն Մոսկվայի ուղղությամբ, որի օգնությամբ կարելի է լուծել սեփական խնդիրները: Հանրապետությունում հաճախակի են սկսել հայացքներն ուղղել դեպի Բրյուսել եւ հատկապես` Վաշինգտոն: Տարածաշրջան են ներգրավվում ուժի այլ կենտրոններ: Նրանք նաեւ մշակութային ազդեցություն են թողնում, բացում են իրենց համալսարանները, ուսումնական կենտրոնները, ցանցային կառույցները: Նրանք թափանցում են հանրապետության տնտեսական եւ սոցիալ-մշակութային կյանքի մեջ: Բավական է ասել, որ այսօր գազատարը Հայաստանում կառուցում է ոչ թե Ռուսաստանը, եւ նույնիսկ ոչ էլ Ամերիկան, այլ Իրանը: Հրազդանի ՀԷԿ-ի հերթական էներգաբլոկի շինարարությունը հավանաբար, ըստ մրցույթի արդյունքների, կստանձնի Իրանը: Դա ասում է այն մասին, որ Հայաստանը նույնիսկ էներգակիրների ոլորտում ապագայում շատ ավելի քիչ կախում կունենա Ռուսաստանից, եթե նույնիսկ հաշվի չառնենք այյն, որ մի շարք ուղղություններով ռուսական ներկայությունը Հայաստանում չի զգացվում: