«Վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ ես ստիպված էի բացատրել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության նոր ինստիտուցիոնալ մեխանիզմի ձեւավորման անհրաժեշտությունը, որը կկարողանար խթանել մեր հասարակությունների մերձեցման գործընթացը,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը , հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ նա առաջարկել է երկխոսություն հաստատել ՀՀ եւ ՌԴ միջեւ` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ մի շարք այլ պետությունների հետ ստեղծված ասոցիացիաների նմանությամբ: Այդ երկխոսությունը նախատեսում է գործակցություն երեք` տնտեսական, կրթության եւ մշակույթի ոլորտներում` ռուս-ֆրանսիական երկխոսության օրինակով: «Ռուսական կողմից ասոցիացիայի համանախագահը ես եմ, ֆրանսիական կողմից` «Ռենոի» նախագահ Շվեյցերը: Մենք գործարարների հանդիպումներ ենք կազմակերպում առնվազն տարին երկու անգամ, սեմինարներ մշակույթի եւ կրթության հարցերով»,-պարզաբանել է նա: «Նախագահների եւ վարչապետների ընդունած որոշումների լուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուց բացի, մենք նաեւ ապահովում ենք մեր բոլոր գործընկերների մասին տեղեկություններ պարունակող տվյալների բազայի հասանելիությունը: Այդպիսով, մենք գլոբալացնում ենք համագործակցության համակարգը մեր գործարարների, մշակույթի եւ կրթության ներկայացուցիչների միջեւ, քանի որ նման երկխոությունների մասնակիցները կարող են անմիջականորեն գործակցել մեր տվյալների բազայի եւ մեր կառույցների միջոցով: Արդյունքում երկկողմ կապերը եւ հարաբերությունները դառնում են բազմակողմ` ուղղակի կապեր ստեղծելով շահագրգիռ կողմերի միջեւ»,-հայտարարել է Ա.Աբրահամյանը: «Ես առաջարկել եմ նման տիպի երկխոսություն հաստատել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, եւ կարծում եմ, որ այդ մեխանիզմի միջոցով հնարավոր կլիներ Հայաստանին եւս ներգրավել այդ միջազգային գլոբալ կառույցի մեջ»,-նշել է ՌՀՄ ղեկավարը:
Նրա խոսքերով, այդ կառույցը միաժամանակ հասանելի կդարձնի Հայաստանը այլ երկների շահագրգիռ գործընկերների համար, որոնց հետ ուղղակի երկխոսություն է գնում ասոցիացիայի շրջանակներում: «Հետխորհրդային տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանի բոլոր պետությունները կարող են տնօրինել սեփական ճակատագիրը: «Ու՞ր կարող են գնալ, սողալով կգան եւ կխնդրեն»,-խորհրդային ժամանակներում Մոսկվայում, իսկ հետ իներցիայով նաեւ հետխորհրդային շրջանում իշխող այս անճոռնի բանաձեւը անցյալում է մնացել: Շատ լուրջ պայքար է սկսվում հետխորհրդային տարածքի համար, եւ ռուսական իշխանությունները պետք է դա լավ գիտակցեն եւ պատրաստ լինեն դրան: Ի դեպ, նախագահը, ինչպես ինձ հայտնի է, ասել է այդ մասին անցյալ տարի ԱԳՆ դիվանագետների հետ իր հանդիպման ժամանակ: Նախագահի գաղափարը հետեւյալն էր, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Այդ պետություններն ու երկրները չի կարելի ընկալել որպես հավերժորեն Ռուսաստանին կապված: Եկել է ժամանակը պայքարելու այնտեղ ներկայության, ազդեցության եւ կառուցողական գործակցության համար: Եվ միայն այդ ճանապարհին մենք կարող ենք լուրջ հաջողության հասնել մեր տնտեսական եւ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման գործում այնպիսի երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, որն այսօր հանդիսանում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն նաեւ որոնում է իր տեղը աշխարհում եւ լուրջ ու հարգալից վերաբերմունք է պահանջում իր հանդեպ»,-եզրափակել է Ա.Աբրահամյանը:






