AM
15 Հոկտեմբեր 2005 - 09:36 AMT

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային հանել մեղադրանքները Օրհան Փամուկից

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը նամակ է ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիպ Էրդողանին, որտեղ կոչ է արել հանել մեղադրանքները թուրք գրող Օրհան Փամուկից, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Օրհան Փամուկին մեղադրում են այն բանի համար, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններում նա «հրապարակայնորեն վիրավորել է թուրքերի ազգային ինքնագիտակցությունը»: Հանձնաժողովի նախագահ սենատոր Սեմ Բրաունբեկը ընդգծել է, որ Օրհան Փամուկի դատապարտումը կուժեղացնի նրանց մտավախությունները, ովքեր թերահավատորեն են վերաբերվում ազատությանը եւ ժողովրդավարությանը նվիրվածության մասին Թուրքիայի հավաստիացումներին: ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը պետական կառույց է, որը հետեւում է 1975 թվականի Հելսինկյան պայմանագրի դրույթների կատարմանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի 9 անդամներ եւ մեկական անդամ երկրի պետդեպարտամենտից, պաշտպանության եւ առեւտրի դեպարտամենտներից: