Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մարտի 19-ին հանդիպել է ավստրիական հայտնի «Wintertechnik Engineering GmbH» ընկերության ներկայացուցիչներին:
Նա ներկայացրել է իր նկատառումները Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման հեռանկարների վերաբերյալ: «Պետք է խոստովանել, որ ավանդաբար ձմեռային մարզաձևերում մեր մարզիկներն առանձնապես բարձր ցուցանիշներ չեն ունեցել: Պետք է անել ամեն ինչ Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման համար»,- նշել է Ռոստոմյանը:
Նա տեղեկացրել, որ Հայաստանը լինելով փոքր լեռնային երկիր, ուղղակի պարտավոր է արդյունավետ օգտագործել իր տարածքի ցանկացած հատվածի առանձնահատկությունը: «Սա վերաբերվում է նաև ձմեռային մարզաձևերի համար նպաստավոր պայմաններով հարուստ Աշոցքին»,- ասել է նախարարը:
Ռոստոմյանի խոսքերով, այսօր միայն Ծաղկաձորում է հնարավոր զբաղվել ձմեռային մարզաձևերով, իսկ եթե հաշվի առնենք, որ այն նաև խոշոր հանգստի գոտի է, որտեղ ձմռանը հանգստացողներն օգտվում են նաև դահուկուղուց, ապա հասկանալի է դառնում, որ ձմեռային մարզաձևով զբաղվող մարզիկի համար հնարավոր չէ լիարժեք մարզումներ կազմակերպել:






