AM
19 Մարտ 2013 - 16:10 AMT

Հենրիխ Մխիթարյան. Երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը խաղալու ենք ինչպես Չեխիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ մարտի 26-ին կայանալիք Չեխիայի հետ խաղից սպասելիքները մեծ են, քանի որ իրենք, անկախ խաղի կարևորությունից, միշտ ձգտում են հասնել լավ արդյունքի:

«Խաղում ենք ուժեղ հավաքականի դեմ, սակայն ունենք կորուստներ թիմում: Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանց պակասը չզգացվի և հասնենք դրական արդյունքի»,- ասաց ֆուտբոլիստը:

Չեխիայի կազմում Հենրիխ Մխիթարյանը ոչ մեկին չառանձնացրեց, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր թիմ ուժեղ է իր հիմնական կազմով և մեկ ֆուտբոլիստ ոչինչ չի կարող անել:

«Եվրոպայի առաջնության ժամանակ ես հետևել եմ Չեխիայի խաղին, երգրպագել եմ նրան, որովհետև այնտեղ է հանդես գալիս իմ թիմակից Թոմաշ Հյուբշմանը: Մենք այդ խաղի մասին չենք խոսել, քանի որ չեխերի ուշադրության կենտրոնում մարտի 22-ին կայանալիք Դանիայի հետ խաղն է»,- ավելացրեց ֆուտբոլիստը:

Մարտի 21-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները ընկերական հանդիպում են անցկացնելու: Հենրիխ Մխիթարյանի խոսքով` այդ հանդիպմանը նրանք խաղալու են այնպես, ինչպես Չեխիայի հետ խաղում և փորձելու են կատարել մարզչի առաջադրանքները: Կիսապաշտպանը հույս ունի, որ երիտասարդականի մի քանի խաղացողներ մոտ ապագայում կհամալրեն ազգային ընտրանին: