Հոկտեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեն քննարկել է երկրում լույս տեսնող հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլին պետբյուջեից միջոցներ տրամադրելու հարցը: Ներկայումս Վրաստանի պետբյուջեից ֆինանսավորվում է հայալեզու «Վրաստան», ադրբեջանալեզու «Գուրջիստան» եւ ռուսալեզու «Սվոբոդնայա Գրուզիա» թերթերը: «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ ներկայումս հատկացվող գումարը (տարեկան 20 հազար լարի, ինչը կազմում է շուրջ 11 հազար դոլար) ծածկում է սոսկ տպագրության ծախսերը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեի ղեկավար Էլենե Թեւդորաձեն, իր հերթին, նշել է, թե «երկրի ոչ վրացալեզու բնակչությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալ մայրենի լեզվով»: Քննարկման արդյունքում Թեւդորաձեն առաջարկել է Վրաստանի մշակույթի նախարարությանը նոր մոտեցումներ մշակել հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլի հանդեպ, քանի որ դա «բխում է պետության շահերից»:






