«Թայմ» հանդեսը փորձում է պատշաճ կերպով հարթել սփյուռքահայության հետ վեճը` կապված Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական տեսասկավառակը տարածելու հետ: 2005 թ. հունիսի 6-ի համարում «Թայմ»-ի եվրոպական հրատարակությունը տպագրել էր Թուրքիայում զբոսաշրջության խթանմանը միտված չորս էջանոց գովազդ, որը հանդեսում զետեղել էր Անկարայի Առեւտրի պալատը: Որպես այդ վճարովի գովազդի մաս` հանդեսում ընդգրկվել էր տեսասկավառակ-հավելված, որը ժխտում էր Հայոց ցեղասպանության փաստերը: Այդ կապակցությամբ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը նամակ գրեց, սպառնալով դատական հետապնդման ենթարկել «Թայմ»-ին մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ ցեղասպանության ուրացման մասին շվեյցարական օրենքը խախտելու համար: Հանդեսի խմբագիր Ջեյմս Քելին պատասխան նամակում ներողություն էր հայցում հայ համայնքից: Ջեյմս Քելին ավելացրել էր. «Մենք չէինք տարածի տեսասկավառակը, եթե տեղյակ լինեինք բովանդակությանը»: Այդ ընթացքում հինգ ֆրանսիական կազմակերպություններ փաստաբան վարձեցին եւ եւս պահանջեցին, որ «Թայմ»-ը անվճար տարածի Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ տեսասկավառակ, իսկ թուրքերի գովազդից ստացված հասույթը նվիրաբերի շահույթ չհետապնդող կազմակերպությունների, որոնք Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունն են պաշտպանում: Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախումբը մամլո հաղորդագրության մեջ հայտարարեց, որ, ներողություն հայցելով, «Թայմ»-ը մասամբ ընդունեց իր սխալը:






