AM
20 Հոկտեմբեր 2005 - 11:29 AMT

Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը բնական կամուրջ են Եվրոպայի եւ Ասիայի միջեւ

«ԵԱՀԿ-ն այն միջազգային կազմակերպություններից մեկն է, որը կոչված է աջակցել միջազգային ուժերի ջանքերի համակարգմանը գլոբալ խնդիրների լուծման եւ սպառնալիքներին հակազդելու գործում, եւ կարող է համապատասխան օգնություն ստանալ Կովկասի երկրներից եւ քաղաքացիական հասարակությունից»,-հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը այսօր Երեւանում մեկնարկած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսում: Նրա խոսքերով, ինչ վերաբերվում է ԵԱՀԿ գերակայություններին, ապա, անվտանգության եւ կայունության տեսակետից, Հարավային Կովկասը կարող է բաժանվել երկու կատեգորիայի.Առաջինը ընդգրկում է մշտական հակամարտությունները, որոնք մնացել են ԽՍՀՄ ժամանակներից` վրաց-աբխազական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որոնց արդյունքում հայտնվեցին մեծաքանակ փախստականներ եւ վնասվեցին քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Երկրորդ կատեգորիան նոր սպառնալիքներն են, որոնք ընդգրկում են քաղաքական ասպարեզում տեղի ունեցած փոփոխությունների արդյունք հանդիսացող հակամարտությունները, լարվածության աճը հարուստների եւ աղքատների միջեւ: «Բեւեռացումը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը եւ անկայունության նոր աղբյուր հանդիսանալ Հարավային Կովկասում»,-նշել է Վ.Պրյախինը:

Բացի այդ, նա նշել է, որ ԵԱՀԿ-ն հետխորհրդային տարածքի 5 «սառեցված» հակամարտությունների կարգավորման մասնակից է, որոնցից երեքը գտնվում են Հարավային Կովկասում: Դրանց կարգավորումը քաղաքական նախադրյալներ կպահանջի տարածաշրջանի արագ տնտեսական զարգացման եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերկանգնման համար: Վ.Պրյախինը հիշատակել է նաեւ, որ նման` այդ թվում եւ ոչ քաղաքական բնույթի սպառնալիքների գոյության ընդունումը նույնպես կարեւոր նախապայման է հակամարտությունների կարգավորման բանակցություններում հաջողության հասնելու համար:
Նրա կարծիքով, կարեւոր բացասական խնդիրներից մեկը Հարավային Կովկասում, կապված կառավարության, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարության զարգացման հետ, կոռուպցիան է: «Լուրջ ռեսուրսները գտնվում են քրեական խմբերի կրունկի տակ, որոնք նսեմացնում են պետության վարկը, ինչը հատկապես վտանգավոր է այն իրավիճակում, երբ քաղաքացիական հասարակության ձեւավորումը դեռ նոր է մեկնարկել»,-նշել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը: Բացի այդ, նա հայտարարել է, որ «անվտանգությունը Հարավային Կովկասում չի տարանջատվում ընդհանուր անվտանգությունից: Երեք հարավկովկասյան հանրապետությունները բնական կամուրջ են հանդիսանում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, եւ այդ տարածաշրջանը միշտ եղել է առեւտրի ուղիների կարեւոր ռազմավարական խաչմերուկ: Իսկ դրան զուգահեռ, այս տարածաշրջանը կարեւոր խաչմերուկ է տարբեր ազգային ավանդույթների մշակութային փոխանակման եւ փոխադարձ հարստացման համար»:

Վ.Պրյախինը ընթերցել է մարդկային զարգացման ինդեքսի վիճակագրական ցուցանիշները, որոնց համաձայն, Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները միջին տեղերն են զբաղեցնում ՄԱԿ-ի 177 երկրների թվում: Հայաստանը գտնվում է 83 տեղում, Վրաստանը` 100-րդ, իսկ Ադրբեջանը` 101-րդ տեղում: Նրա խոսքերով, այդ ցուցանիշները արտահայտում են ոչ բարեհաջող իրավիճակը Հարավային Կովկասում, որը ստեղծվել է տարբեր գործոնների ազդեցության արդյունքում, հիմնականում կապված տնտեսական ճգնաժամի, անցումային շրջանի խնդիրների, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների հետ: «Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը առանցքային բառ է, քանի որ ժողովրդավարացումն է հիմք հանդիսանում երկրների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ տարածաշրջանային եւ գլոբալ համագործակցության համար»,-հայտարարել է Վլադիմիր Պրյախինը: