AM
20 Հոկտեմբեր 2005 - 12:32 AMT

Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ բանակցությունները պետք է սկսվեն անհապաղ

Եվրոպական Խորհրդարանի նախագահ Խոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական Խորհրդարանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ Գործողությունների ծրագրի վերաբերյալ բանակցությունները սկսվեն անհապաղ եւ չկապվեն Կիպրոսի հետ Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների հետ: Խոսեպ Բորելն ասել է այս մասին այսօր Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: «Շատ տարօրինակ կլինի, եթե Հայաստանի հետ բանակցությունները արգելակվեն Կիպրոսի եւ Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Հյուսիսային Կիպրոսից Բաքու իրականացված ուղիղ ավիաչվերթից հետո», – ասել է Խոսեպ Բորելը: Նրա խոսքերով, Եվրախորհրդարանն այն կարծիքի է, որ Հայաստանի հետ բանակցությունները պետք է սկսվեն անհապաղ: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանի հետ Գործողությունների ծրագրի վերաբերյալ բանակցությունների հետաձգումը ժամանակավոր բնույթ է կրում: «Հայաստանը չպետք է վճարի այլ երկրների անզգույշ եւ անշրջահայաց գործողությունների համար», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հույս հայտնելով, որ Հայաստանի Գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի այս տարեվերջին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: