Մարտի 24-26-ը Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, նիստի ընթացքում կքննարկվեն, մասնավորապես, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում` Թուրքիայի հետ Հայաստանի փոխհարաբերությունները: Քննարկման առանձին հարց կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում կընդգրկվեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: