AM
21 Հոկտեմբեր 2005 - 08:45 AMT

«Հայերի ողբերգությունը» խորագրով ցուցահանդես Վրոցլավի կենտրոնում

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 24-30 տեղի կունենա միջոցառումներ «Հայերի ողբերգությունը» ընդհանուր խորագրով: Այդ մասին Լեհաստանում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Լեհաստանի հայերի հոգեւոր հովիվ, Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Նրա խոսքերով, միջոցառումների կազմակերպիչը «Ապագայի Եվրոպա» ասոցիացիան է: Միջոցառումների ընթացքում տեղի կունենա «Ոչնչացված ժառանգություն` հայերը արեւմտյան Թուրքիայում» ցուցահանդեսը, ինչպես նաեւ Արմին Վագների «20 դարի առաջին Հոլոքոսթը» լուսանկարների ցուցահանդեսը: Հոկտեմբերի 28-ին նախատեսվում է բանավեճ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որին կմասնակցեն Դոկտոր Գրեգոժ Կուչարչիկը` «20-րդ դարի առաջին Հոլոքոսթը» աշխատության հեղինակ, ինչպես նաեւ Լեհաստանի հայերի հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Հոկտեմբերի 30-ին միջոցառումները կավարտվեն Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ երբեմնի Ռեչ Պոսպոլիտայի մաս կազմող արեւելյան տարածքներում զոհված լեհահայերի հիշատակին նվիրված պատարագով: Միջոցառումները կանցնեն Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Լեհաստանի սեյմի վիցեմարշալկա Կազիմիժ Ույազդովսկու հովանու ներքո: