AM
21 Հոկտեմբեր 2005 - 13:48 AMT

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է հայկական եկեղեցու ավերումը Տիգրանակերտ քաղաքում

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հանդես է եկել Թուրքիայի կառավարության խիստ քննադատությամբ կապված հայկական եկեղեցու քանդման հետ Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում: Եկեղեցին, որը պաշտոնապես գտնվում էր թուրքական կառավարության պաշտպանության տակ, քանդվել է ինչ-որ շինարարական ընկերության կողմից: Հայկական եկեղեցու քարերը օգտագործվել են նույն տեղում մեջիթի հիմքը գցելիու համար: «Թուրքիան, որը 1915 թվականին իրագործեց Հայոց ցեղասպանությունը եւ մինչ այժմ հանդես է գալիս միջազգային ասպարեզում սպառնալիքներով` ժխտելով իր գործած հանցագործությունը, այսօր ողջ աշխարհի աչքի առաջ ավերում է իր զոհերի պահպանված մշակութային եւ կրոնական ժառանգությունը` փորձելով նույնիսկ նրանց մասին հիշողությունը ջնջել հայերի հայրենիքում, որոնց պատմությունը արդեն շուրջ 4 հազար տարվա վաղեմություն ունի»,-հայտարարել է ANCA-ի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ափսոսանք հայտնելով այն առիթով, որ ամերիկյան վարչակազմի լռությունը եւ նրա կողմից արձագանքի բացակայությունը Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության հանդեպ «նպաստում են եւ նույնիսկ աջակցում են Անկարայի ագրեսիվ վերաբերմունքին հայ ժողովրդի հանդեպ»` Համբարյանը ընդգծել է, որ ժամանակն է, որ պաշտոնական Վաշինգտոնը դադարեցնի իր ապակառուցողական քայլերը: ANCA-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ եկեղեցու ավերման մասին տեղեկացվել են ԱՄՆ Կոնգրեսի վարչակազմը եւ անդամները: