Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, «Canadian Armenian Network» կազմակերպության եւ Օտտավայում գործող Քարլթոնի եւ Օտտավայի համալսարանների Հայկական ուսանողական միությունների մասնակցությամբ, ինչպես նաեւ Կանադայի հայ համայնքի մի շարք կազմակերպությունների գործակցությամբ 2005 թ. հոկտեմբերի 20-ին Օտտավայի համալսարանում տեղի ունեցավ «Մեր սարերի նման. Կանադայի հայերի պատմությունը» գրքի շնորհանդեսին: Գիրքը, որի հեղինակն է կանադահայ հայտնի պատմաբան, Կալիֆորնիայի Ֆրեզնո եւ Տորոնտոյի համալսարանների հայոց պատմության եւ ներգաղթի խնդիրների պրոֆեսոր դոկտոր Իզաբել Գաբրիելյան-Չերչիլը, նվիրված է կանադահայ համայնքի երկարամյա պատմությանը` սկսած համայնքի հիմնավորման, բնակեցման, տնտեսական կանոնավորման տարիներից մինչեւ սերունդից սերունդ փոխանցված սոցիալական, կրոնական, քաղաքական եւ մշակութային արժեքներով հարուստ այսօրվա առօրյան: Այս գրքում համապարփակ ձեւով ուսումնասիրվում են հայ համայնքի պատմությունը, փախստականների եւ ներգաղթող ընտանիքների ու առանձին անձանց ճակատագրերը, մատաղ սերնդի կրթական դաստիարակության ներկայիս խնդիրները: Հեղինակը, մասնավորապես, անդրադառնում է Բրենթֆորդ քաղաքի պատմությանը, որտեղ մինչեւ 1914 թվականը ձեւավորվել էր առաջին հայ համայնքը: Պատմական անդրադարձ է կատարվում նաեւ կանադական մի շարք այլ բնակավայրերին, որտեղ հիմնականում բնակություն է առել հայ համայնքը: Գրքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Մեծ եղեռնը վերապրած հայերի հետ հեղինակի կողմից անցկացված բազմաթիվ հարցազրույցների գրառումները: Միջոցառման շրջանակում համալսարանի գրադարանային կենտրոնում կազմակերպվել էր «Մեր սարերի նման» գրքի ցուցահանդես-վաճառքը: Կանադայի հայ ուսանողները ցուցադրեցին հեղինակի` Ի. Գաբրիելյան-Չերչիլի Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական տեսաֆիլմը: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը:






