AM
25 Մարտ 2013 - 12:16 AMT

Արայիկ Բաղդադյան. Ազատ ոճայինների հաղթանակներին վաղուց էինք սպասում, ու դրանք մեր ազգինն են

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է մեկ ոսկե և արծաթե մեդալ և թիմային հաշվարկում ավարտել ելույթը 6-րդ տեղում: Ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ արծաթե մեդալի արժանացել է Մուսա Մուրթազալիևը (84 կգ):

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշեց, որ իր սաները շատ լավ են ելույթ ունեցել և արդարացրել են սպասելիքները:

«Դավիթը հիանալի գոտեմարտեր անցկացրեց, նա տակտիկապես շատ գրագետ էր գործում և կատարեց մարզիչների բոլոր հանձնարարությունները: Միայն նրա քառորդ փուլի մենամարտից եմ դժգոհ, քանի որ նա Բելառուս մրցակցին փոքր հաշվով հաղթեց: Իսկ եզրափակչում նա 3-րդ անգամ էր հանդիպում թուրք Յակուպ Գոռին ու նրան ոչ մի հնարավորություն չտվեց»,- ասաց մարզիչը:

Ըստ Բաղդադյանի, Մուրթազալիևը ելույթ է ունեցել իր հնարավորությունների 100 տոկոսով և վստահ մենամարտեր է անցկացրել: Մարզիչը գտնում է, որ վրացի Դաթո Մարսագիշվիլին շատ ուժեղ էր, այդ պատճառով էլ Մուրթազալիևին չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել:

«Այս հաղթանակները մեր ազգինն են, մենք վաղուց էինք սպասում դրանց: Հայ ազատ ոճայինները նվաճել էին բրոնզե ու արծաթե մեդալներ, բայց ոսկի վաղուց չէին ունեցել: Մենք ճիշտ ուղի ենք ընտրել, և տքնաջան ու համառ աշխատանքի շնորհիվ արդյունքն արդեն երևում է: Դրանում շատերն իրենց ներդրումն ունեն, բայց հատկապես` մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը»,- անկեղծացավ Բաղդադյանը: