Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Իսե Նոմուրային (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Դեսպանը տեղեկացրել է, որ հայ-ճապոնական բիզնես համաժողովին մասնակցելու նպատակով իր հետ Հայաստան է ժամանել ճապոնացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ճապոնական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Կողմերը հայ-ճապոնական գործարար համաժողովի անցկացումը գնահատել են որպես երկկողմ առեւտրատնտեսական կապերը խթանելու փոխադարձ շահագրգռության վկայություն: Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը` բարեփոխումների գործընթացին աջակցելու համար: ՀՀ ղեկավարը կարեւորել է ճապոնական մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ եւ համոզմունք է հայտնել, որ երկու երկրների գործարարների հանդիպումը նոր ու հեռանկարային գործնական ծրագրերի սկիզբ կհանդիսանա:






