AM
26 Հոկտեմբեր 2005 - 10:25 AMT

Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների այսօրվա ձեւաչափը պարտադրված է

«Երեւի ճիշտ չի լինի ասել, որ Լեռնային Ղարաբաղը այսօր ընդգրկված չէ ընդհանուր գործընթացի մեջ, քանի որ մեր կողմից չկա ակտիվ բանակցային պրոցես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մյուս կողմից, Մինսկի խմբի համանախագահները լինելով տարածաշրջանում, անպայման այցելում են նաեւ Լեռնային Ղարաբաղ: Այսինքն` մեզ հետ բանակցում են. անուղղակի` բայց բանակցում են»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը: Խոսելով բանակցությունների ձեւաչափի մասին (Ադրբեջան – Հայաստան)` Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց. – «Ես համարում եմ, որ դա ստիպված քայլ է միջազգային հանրության կողմից, քանի որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է ուղիղ շփումներից Լեռնային Ղարաբաղի հետ»: «Իմ կարծիքով, սա լուրջ խոչընդոտ է պրոցեսի համար», – շարունակեց նա: – «Այս ֆորմուլան, որ Ղարաբաղը պետք է քիչ ավելի ուշ միանա բանակցային գործընթացին, ինձ համար անհասկանալի է… Ես համարում եմ, որ ե`ւ Հայաստանը, ե`ւ միջազգային հանրությունը ստիպված են գնում այս քայլին` հաշվի առնելով Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքը այս հարցի վերաբերյալ»,-նշել է նա:

Արկադի Ղուկասյանն ընդգծեց, որ «եթե Ադրբեջանը բանակցում է միայն Հայաստանի հետ, Ադրբեջանը ձգձգում է պրոցեսը, իսկ եթե Ադրբեջանը բանակցում է Ղարաբաղի հետ, ուրեմն Ադրբեջանը պատրաստ է կարգավորման»: «Որովհետեւ բանակցելով Հայաստանի հետ, ընդգծելով այդ ֆորմատը` Ադրբեջանը փորձում է հասնել իր հիմնական նպատակին. մեղադրել Հայաստանին ագրեսիայի մեջ` հույս ունենալով, որ սանկցիաներ կկիրառվեն Հայաստանի դեմ», – փաստարկեց նա: «Ադրբեջանում կա, իմ կարծիքով, աբսուրդի հասնող կարծիք, որ եթե Ադրբեջանը բանակցում է Լեռնային Ղարաբաղի հետ, սա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք շատ ավելի լուրջ արգումենտներ ունենք մեր անկախության, քան Ադրբեջանի հետ բանակցությունները», – եզրափակեց Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Ազատություն« ռադիոկայանը: