AM
27 Հոկտեմբեր 2005 - 09:22 AMT

«AXA» ընկերությունը կհրապարակի Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր հաճախորդների ցուցակները

Ֆրանսիական «AXA» ապահովագրական ընկերությունը, որն, ըստ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբանների հետ ձեռք բերված համաձայնության, վերադարձնելու է մինչեւ 1915 թվականը Թուրքիայում ընկերության կողմից ապահովագրված, իսկ հետագայում Ցեղասպանության զոհ դարձած մարդկանց ապահովագրական գումարները, հատուկ ինտերնետային էջ է բացելու, որտեղ կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապահովագրվել են «AXA» ընկերությունում: Ինչպես հայտարարել է ցեղասպանության զոհրի ժառանգների շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Բրայան Կաբատեկը, ընկերությունն ունի այն հայերի ցուցակը, ովքեր Ցեղասպանությունից առաջ Թուրքիայում ապահովագրված են եղել: Ցուցակը AXA-ն կհրապարակի 6 ամիս հետո: Բացի այդ, այն անձինք, ովքեր հավատացած են, որ իրենց հարազատները Թուրքիայում ապահովագրված են եղել ֆրանսիական ընկերության կողմից եւ Հայոց ցեղասպանության զոհ են դարձել, նույնպես կարող են դիմել փոխհատուցում ստանալու համար: Ըստ «AXA»-ի հետ ձեռք բերված համաձայնության, որը նոյեմբերին դեռ պետք է վավերացվի Կալիֆորնիայի դատարանի կողմից, ֆրանսիական ընկերությունը կհատկացնի 17 միլիոն դոլար: 3 միլիոն դոլարը կհատկացվի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Ըստ Բրայան Կաբատեկի, եւս 3 միլիոն դոլար հատկացվելու է դատական ծախսերը հոգալու, ինչպես նաեւ զոհվածների ժառանգներին փոստով ծանուցումներ ուղարկելու եւ գործը ընդհանրապես գովազդելու համար: 11 միլիոն դոլար կհատկացվի այն հիմնադրամին, որն այնուհետեւ կսկսի վերադարձնել ապահովագրական գումարները ժառանգների ընտանիքներին:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ցեղասպանության զոհերի ժառանգները համաձայնություն են ձեռք բերում ապահովագրական փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Անցած տարի New York Life ամերիկյան ընկերությունը երկարատեւ բանակցություններից հետո ի վերջո համաձայնեց 20 միլիոն դոլար վերադարձնել ցեղասպանության զոհերի հարազատներին: Կաբատեկը ասաց նաեւ, որ հայ փաստաբանները շարունակելու են որոնել «AXA»-ի եւ «New York Life»-ի նման ընկերություններ, որոնք զլացել են վերադարձնել ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վերջիններիս նախնիների դրամական ավանդները եւ ապահովագրական գումարները: Այդպիսի մի ընկերություն արդեն գտնվել է. դա «Deutche Bank»-ն է, որը հայերից ավանդներ է ընդունել, որոնք Ցեղասպանությունից հետո այդպես էլ չեն վերադարձվել: Հարցին, թե որքանով ծանրակշիռ կարող է լինել «Deutche Bank»-ին ներկայացվելիք հայցը, Բրայան Կաբատեկը պատասխանեց. – «Մենք դեռ ուսումնասիրում ենք հարցը: Սակայն եթե դա արվել է անգամ մեկ մարդու նկատմամբ, արդեն շատ է», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: