AM
28 Մարտ 2013 - 11:14 AMT

Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի դպրոցականների օլիմպիադայի հաղթողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և պարգևներ է հանձնել Հայաստանի շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևանի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բենիամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի թիմը, ում ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է քաղաքապետը:

Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցի և 2-րդ ավագ դպրոցների թիմերին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները, պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ Երևանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:

Մարզչական վարպետության շնորհիվ թիմի ձեռք բերած բարձր ցուցանիշի համար պատվոգրերի են արժանացել նաև առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցների շախմատային թիմերի մարզիչները:

Շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի երևանյան մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 158 հիմնական և 42 ավագ դպրոցների և վարժարանների շուրջ 6000 աշակերտ: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն էլ, ավանդույթի համաձայն, անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: 12 թիմերում ընդգրկված է եղել 48 աշակերտ` յուրաքանչյուրում 1 աղջիկ և 3 տղա կազմով: