Ռուսաստանի «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության եւ ՌԴ ատոմային էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները հայկական կողմի հետ Երեւանում կքննարկեն Հայկական ատոմակայանի համատեղ կառավարման հարցերը:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովն այսօր Երեւանում հայտարարել է, որ այդ հարցը ռուսաստանյան կողմը վաղուց է քննարկում, սակայն բանակցություններն ակտիվացել են Հայաստանի նախագահի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում: «Մի քանի օր առաջ մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել հայկական կողմին: Այստեղ կան մի քանի նրբություններ, սակայն մեզ թվում է, դրանք կարելի է լուծել», – ասել է ռուս նախարարը: