«Իտալիայի կառավարությունը մեծ ցանկություն ունի համագործակցելու Հայաստանի հետ, եւ մենք դիտարկում ենք այդ համագործակցությունը ինչպեպ երկկողմանի մակարդակով, այնպես էլ եվրոպական քաղաքականության եւ եվրաինտեգրման շրջանակներում, որը չափազանց կարեւոր է Հայաստանի համար»,- հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը այսօր Երեւանում Իտալիայի ԱԳՆ լիազոր նախարար, համագործակցության զարգացման վարչության բարձրաստիճան ներկայացուցիչ Էուջենիո Կամպոի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նա տեղեկացրել է, որ նախօրեին ողջ աշխարհում եւ Իտալիայում տոնում էին իտալական միջազգային համագործակցության օրը եւ այդ կապակցությամբ ողջ աշխարհում անց են կացվել տարբեր միջոցառումներ: Իտալական պատվիրակությունը Հայաստան է ժամանել այդ իրադարձության շրջանակներում: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընթացիկ տարվա սկզբին Իտալիա կատարած այցը խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
«Քաղաքական համագործակցությունից եւ բազմաթիվ փոխադարձ այցելություններից բացի մենք բավարարված ենք առեւտրատնտեսական կապերի զարգացման մակարդակով, սակայն չենք պատրաստվում կանգ առնել այդ համագործակցության ներկա մակարդակի վրա»,-հայտարարել է նա: Բացի այդ, Հայաստանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ առեւտրային շրջանառությունը երկու երկրների միջեւ հասել է բարձր մակարդակի, եւ միեւնույն ժամանակ Հայաստանում հաստատվել են մի քանի իտալական ձեռնարկություններ, որոնք ներդրումներ են անում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում Իտալիայի օրերի շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովը կարեւոր քայլ հանդիսացավ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-հայտարարել է Ա.Բայբուրդյանը: Նրա խոսքերով, այդ գործարար համաժողովը ոչ միայն ճանաչողական բնույթ ուներ, այլ նաեւ գործնական, քանի որ ստորագրվել են պայմանագրեր, որոնք արդեն իրագործման փուլում են: Նա նաեւ հաղորդել է, որ Իտալիայի կառավարությունը Հայաստանին է հատկացրել 1 մլն եվրոի չափով մարդասիրական օգնություն, որը ներառում է շաքարավազ եւ ալյուր: Օգնությունը Հայաստան կհասցվի մոտ օրերս:






