AM
2 Ապրիլ 2013 - 10:55 AMT

Աշոտ Վարդապետյան. Արոնյանի մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, երբ պարտվեց Գելֆանդից

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին մեկնաբանեց Լոնդոնում ավարտված հավակնորդների մրցաշարի արդյունքները:

Ըստ նրա, մրցաշարը շատ հետաքրքիր է անցել, քանի որ ընդգծված առաջատար չի եղել և մինչև վերջին տուրը հայտնի չէր, թե ով է հաղթող ճանաչվելու: Պայքարն էլ հիմնականում գնացել է հոգեբանական ուղղվածությամբ:

«Շատ սուր պայքար էր ընթանում, բայց կարող եմ ասել, որ արդյունքը տրամաբանական է: Մագնուս Կարլսենը վարկանիշով առաջինն է, սակայն նա նաև պարտություններ կրեց` ցույց տալով, որ դեռ երիտասարդ է և սովորելու շատ բան ունի»,- ասաց Վարդապետյանը, որը նախորդ տարի Վիշվանաթան Անանդ- Բորիս Գելֆանդ չեմպիոնական մրցախաղի մրցավարն է եղել:

Լևոն Արոնյանի մասին, որը կիսեց 3-4 տեղերը, Վարդապետյանն ասաց հետևյալը. «Լևոնը լավ ելույթ ունեցավ, բարձրացրեց իր վարկանիշը համաշխարհային աղյուսակում, սակայն սա այն արդյունքը չէ, որ սպասում էր և Լևոնը և մենք»:

Վարդապետյանը նշեց, որ Արոնյանը կայուն խաղ է ցույց տվել, կարողացել ճիշտ օգտվել մրցակիցների սխալներից, սակայն «կարծում եմ, որ նրա մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, երբ 9-րդ տուրում պարտություն կրեց Բորիս Գելֆանդից: Սրանից հետո նա սկսեց մյուս պարտիաներում ռիսկի դիմել: Սակայն չմոռանանք, որ նա Կարլսենին զիջեց ընդամենը 0,5 միավոր»:

Վերջում միջազգային կարգի մրցավարը հույս հայտնեց, որ այս արդյունքը Արոնյանին հունից չի հանի ու մյուս մրցապայքարներում նա ավելի լավ ելույթ կունենա: