AM
2 Նոյեմբեր 2005 - 14:29 AMT

«Աքսա». Փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին քաղաքական ենթատեքստ չունի

Ֆրանսիական «Աքսա» (AXA) ապահովագրական ընկերությունն այսօր հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցելու իր որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի, եւ դա չի նշանակում, թե այդ քայլով AXA-ն դարասկզբին տեղի ունեցածը որակում է ցեղասպանություն: «Այստեղ գործ ունենք միմիայն մեր պարտավորությունները կատարելու հետ. պարտավորություններ, որոնք բխում են չվճարված ապահովագրական պայմանագրերից», -ասված է ընկերության` այսօր տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ Թուրքական բանակի կողմից հովանավորվող «Օյաք» ընկերությունը բոյկոտել է իր ֆրանսիական գործընկերոջը` «Աքսա» (AXA) ապահովագրական ընկերությանը, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 17 մլն ԱՄՆ դոլար նյութական փոխհատուցում տրամադրելու մասին վերջինիս որոշման կապակցությամբ: «Մենք պետք է վերջ տանք «Աքսա»-ի հետ մեր տնտեսական հարաբերություններին: Մեզ համար անհնար է համագործակցել այնպիսի գործընկերոջ հետ, որը ոտնահարում է մեր երկրի իրավունքները»,- հայտարարել է «Օյաք»-ի նախագահ Ահմետ Աքսուն: Նա պահանջել է իր ֆրանսիացի գործընկերոջից «հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցել այն թուրքերին, որոնք Օսմանյան կայսրության վերջին տարիներին սպանվել են հայերի կողմից»: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը հայտարարել է, որ փոխհատուցման մասին «Աքսա»-ի որոշումը «ոչնչով չի փոխի Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «AXA» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել փոխհատուցում վճարելու վերաբերյալ այն անձնաց, որոնք մինչեւ 1915 թվականը ապահովագրված են եղել ընկերության թուրքական բաժանմունքի կողմից եւ հետագայում զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: «Աքսան» կվճարի 17 մլն դոլար: 3 մլն դոլարը կհատկացվի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 մլն կփակեն դատական ծախսերը, ինչպես նաեւ կօգտագործվեն Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին տեղեկացնելու համար: 11 մլն դոլարը կփոխանցվի այն հիմնադրակին, որը կսկսի վերադարձնել ապահովագրված գումարները: