AM
2 Նոյեմբեր 2005 - 14:44 AMT

Սան Պաուլոյում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին

Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի, ինչպես նաեւ Սան Պաուլոյում համայնքային հիմնական միությունների կողմից հայտարարված «Հայաստանյան շաբաթի» շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում, հոկտեմբերի 27-ին «Ազգային Դուրյան» վարժարանի տարեկան մշակութային հանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդեսին մասնակցել են բրազիլահայ համայնքի բոլոր կրոնական ու քաղաքացիական հաստատությունների ղեկավարները, Հայաստանի գլխավոր հյուպատոսը, ավելի քան 500 հանդիսատես եւ հրավիրյալ: Հոկտեմբերի 28-ին «Հայկական ակումբի» մեծ սրահում տեղի է ունեցել Կաթողիկե հայոց Կիլիկիո Տան Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի հանդիպում-դասախոսությունը բրազիլահայ համայնքի եւ նրա երիտասարդ ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 29-ին «Հայ ավետարանական եղբայրություն» եկեղեցում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանը եւ Սան Պաուլոյի պետհամալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Եղիազարյանը դասախոսություններ են կարդացել, ցուցադրվել են Հայաստանի մասին փաստագրական ֆիլմեր ու լուսանկարներ: Նույն օրը Սան Պաուլոյի ՀԲԸՄ սրահում բրազիլահայ ճարտարապետ Ժերսոն Բիլեզջիկյանը եւ Պողոս ավագ քահանա Պարոնյանը դասախոսություններ են կարդացել հայկական միջնադարյան ճարտարապետության եւ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակատարությունների վերաբերյալ: Վերջերս Հայաստան եւ Թուրքիա կատարած ճամփորդությունների վերաբերյալ հաղորդումներով հանդես են եկել բրազիլահայ երիտասարդական խմբի անդամները: