AM
5 Ապրիլ 2013 - 05:20 AMT

Փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ

(?)Լևոն Արոնյան:

(!)Լավ մարդ, հրաշալի և հանճարեղ շախմատիստ: Լևոնն, անկասկած, հայկական շախմատի մերօրյա հաջողությունների գրավականն է: Առանց նրա դժվար է պատկերացնել, որ հնարավոր է հավաքականն ինչ որ բանի հասնի:

(?)Տիգրան Պետրոսյան:

(!)Նա հայկական շախմատի հիմքն է: Մեր շախմատը կարելի է երկու մասի բաժանել` մինչև Տիգրան Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանից հետո: Մինչ նրա ելույթ ունենալը մենք ԽՍՀՄ ամենաթույլ շախմատային երկրներից էինք: Տիգրան Պետրոսյան ասելով` հասկանում ենք հենց հայկական շախմատը:

(?)Աշխարհի թիմային չեմպիոն:

(!)Շատ մեծ հաջողություն է մեզ համար: Լավ զգացողություններ ունեցանք, սակայն ինձ համար առաջին տեղում Օլիմպիադայում տոնած հաղթանակներն են:

(?)Շախմատային դպրոց:

(!)Շատ հրաշալի մտահաղացում է, ես շատ մեծ հաճույք եմ ստանում երեխաների հետ մարզումներից: Այն դրական լիցքերով շատ լավ դպրոց է: Դպրոցը ստեղծելիս ես և Լևոն Արոնյանը չէինք էլ պատկերացնում, որ այդքան հաճելի զբաղմունք կդառնա մեզ համար:

(?)Թույլ մրցակից:

(!)Շատ են լինում թույլ մրցակիցներ, նրանց հետ խաղում դժվար է լավ քայլեր կատարել, քանի որ դրանց մասին չեն էլ մտածում: Նման պարտիաներում հենց սկզբից հանգստանում ես, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր կլինի մրցակցին չափից շատ թերագնահատելը:

(?)Կարևոր մրցաշար:

(!)Ինչ որ ժամանակահատվածի աշխատանքի արդյունքի հասնելու նպատակային կետն է:

(?)Գաբրիել Սարգսյան:

(!)Ես փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ:

(?)Թիմային ոգի:

(!)Չափազանց կարևոր է, այն շատ է պետք գալիս նաև կյանքում: Երբ որևէ գաղափարի շուրջ հավաքվում են մարդիկ և պայքարում են ինչ որ բանի համար, դա էլ է թիմային ոգու դրսևորում: Լինում է նաև, որ թիմային ոգին խանգարում է, քանի որ մարդիկ միշտ չէ, որ մտածում են ինչպես դու:

(?)Մարտավկա:

(!)Գործնական մարտավկա ինձ չեմ զգացել, ավելի շատ եղել եմ որպես բարեկամ ու ընկեր:

(?)Փորձ:

(!)Փորձը կյանքում և սպորտում ամենակարևոր դերերից մեկն է խաղում: Առանց փորձի հաջողությունների հասնել դժվար է, հնարավոր է կոնկրետ պահի, սակայն հետագայում այն կկորչի:

(?)Ոգևորություն:

(!)Ոգևորության պատճառով հոգնածությունն այդքան չի զգացվում: Այն էլ փորձի պես անհրաժեշտ մի բան է:

(?)Զինվոր:

(!)Շախմատում այն խաղաքար է, իսկ կյանքում ավելի մեծ դեր է խաղում: Սակայն շախմատում զինվորը կապված է արքայի հետ, հետևաբար նաև դերն է բարձրանում:

(?)Սարգիս Սարգսյան:

(!) Իմ պապիկի պես մարդկանց շատ քիչ եմ տեսել: Նա բոլոր առումներով ինձ համար օրինակելի է եղել, հենց նրա շնորհիվ է, որ ես շախմատիստ եմ դարձել:

(?)Պատանեկան շախմատային Օլիմպիադա:

(!)Պատանեկան Օլիմպիադայի հետ են կապված իմ ամենամեծ, անմոռանալի ու հրաշալի հիշողությունները: Դրանք յուրահատուկ են ինձ համար:

(?)Աշխատասիրություն:

(!)Հայերին այդքան էլ բնորոշ հատկանիշ չէ: Ինձ էլ հաճախ խանգարում է եվրոպական կազմակերպվածության բացակայությունը:

(?)«Բարսելոնա»:

(!)Թիմ, որն ինձ կարողանում է ուրախության պահեր պարգևել: Իսկ, երբ անհաջողություն է լինում, բնականաբար տխրում եմ, բայց մտածում եմ, որ դա ժամանակավոր է:

(?)Շախմատի տուն:

(!)Իմ երկրորդ տունն է, այստեղ հաճախակի եմ լինում:

(?)Միջնախաղ:

(!)Ամենաբարդ փուլերից մեկն է և կյանքում, և շախմատում: Եթե սխալ ես սկսել` պետք է ուղղես այն: Իսկ, եթե ճիշտ ուղու վրա ես` պետք է չկորցնես:

(?)Մանկական մատ:

(!)Ինձ հետ չի հանդիպել, այն ավելի շատ բնորոշ է թիթիզ մարդկանց:

(?)Խաղ համակարգչի հետ:

(!)Շատ ձանձրալի գործ: Չեմ սիրում համակարգչի հետ խաղալ, մարդկանց հետ միշտ էլ ավելի հաճելի է մրցել:

(?)Շախմատային երազներ:

(!)Նման երազներ տեսնում էի փոքր տարիքում: Հաճախ էր լինում, որ որևէ խնդրի լուծում հենց երազում էի գտնում: