Հավակնորդների մրցաշարի հաղթող, համաշխարհային վարկանիշի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) խոստովանել է, որ վերջում ինքն ուղղակի հոգնել էր:
«Ուժեղ մրցակիներ էին, հսկայական լարվածություն: Գումարած դրան, երկրորդ կեսում սկսեց լավ խաղալ Կրամնիկը»,-ասել է Կարլսենը:
Ըստ շախմատիստի, թեև Լևոն Արոնյանը որոշ ժամանակ մրցաշարի առաջատարմ էր, բայց իր մոտ մտավախություններն ավելի քիչ էին:
«Եվ ես իրավացի էի. Լևոնը փայլուն խաղաց առաջին շրջանը, սակայն երկրորդին ուժերը չբավարարեցին` սկսվեցին պարտությունները: Իսկ Կրամնիկը, հակառակը, կարողացավ թափ հավաքել այն ժամանակ, երբ շատերն արդեն հոգնած էին»,-Կարլսենի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:
Կարլսենը հավելել է, որ Վիշվանաթան Անանդը, որի հետ նա խաղալու է աշխարհի չեմպիոնի կոչման համար, մեծ շախմատիստ է և այն խոսակցությունները, թե նա արդեն «այն չէ», հիմնավորված չեն. «Վստահ եմ, որ Անանդի հետ հանդիպմանն ավելի լավ վիճակում կլինեմ: Այնպես որ Վիշիին հաղթելու շանսեր կան»:






