Ադրբեջանցի գեներալ Վագիֆ Ռասուլովը, որին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրել էր լրտեսության մեջ, նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ: Այդ մասին հաղորդում է «Grani.ru» գործակալությունը: Մինչեւ անցյալ տարվա ամռանը Վագիֆ Ռասուլովը զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը ԱՊՀ ռազմական համագործակցության համակարգման շտաբում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը լրագրողներին հաղորդեց, որ Ռասուլովը արտաքսվել է Ռուսաստանից պետական գաղտնիքներին տիրելու իր փորձի համար: Նրա խոսքերով, ադրբեջանցի գեներալը կասկածի տակ է ընկել, քանի որ, օգտվելով շտաբում իր բարձր դիրքից, գաղտնի փաստաթղթեր էր հավաքում: Ռուսական հատուկ ծառայությունները առգրավել են այդ նյութերը: