AM
9 Ապրիլ 2013 - 07:59 AMT

Մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը

Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը: Առաջին օրվա ընթացքում դասախոսությամբ է հանդես եկել ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դանիացի մասնագետ Ֆլեմմինգ Սերիցլևը:

Դասախոսության թեման ֆուտբոլում տաղանդի բացահայտումն էր: Երկժամյա զեկույցի ընթացքում ներկայացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագիրը, սելեկցիոն աշխատանքի, հոգեբանական մթնոլորտի, առողջական համակարգի կարևորությունը:

Դասախոսությանը հետևել են դաշտային մարզումները, որոնց ընթացքում ՊՐՈ արտոնագրի մարզչական դասընթացին մասնակցող 12 մարզիչները, բաժանվելով 6 խմբի կազմել են մարզումային փոքրիկ ծրագրեր:

Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցներն են Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը: