Ավարտվել է ինդոր հոկեյի (դահլիճային խոտի հոկեյ) պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը: Այն անցկացվել է Հրազդան քաղաքում, մասնակցել են Երևանի, Հրազդանի, Գյումրու, Արտաշատի և Չարենցավանի մարզադպրոցների թիմերը:
Հայաստանի պատանիների չեմպիոն է դարձել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 1-ին թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, Հրազդանի «Հրազդան» մարզական ակումբի և Երևանի Շենգավիթի մարզադպրոցի թիմերը:
Աղջիկների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանի մարզադպրոցի թիմը, երրորդը՝ Գյումրու «Շիրակ 1» թիմը:
Նախատեսվում է այս առաջնության ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա ձևավորել Հայաստանի պատանիների հավաքականը, որն էլ 2014թ. կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Ընթացիկ տարվա մայիս ամսին կանցկացվի խոտի հոկեյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո ձևավորված Հայաստանի հավաքական թիմը կմեկնի Հունաստան՝ ամռանն այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:






