AM
15 Ապրիլ 2013 - 10:33 AMT

Միխայիլ Մարկոսով. Հավանաբար, Հայաստանի հավաքականում ընդգրկվելու իմ որոշումը ոմանց դուր չեկավ

«Ուֆայի» ռմբարկու Միխայիլ Մարկոսովի որակազրկման ժամկետը երկու անգամ երկարացվել է: Նա հեռացվել էր դաշտից առաջնության 23-րդ տուրի «Սիբիրի» հետ խաղում : Այն ժամանակ նա անհաջող բախվել էր դարպասապահ Իլյա Տրունինի հետ, արդյունքում երկուսն էլ տեղափոխվել էին հիվանդանոց: Մարկոսովը ստացել էր ուղեղի ցնցում և քթի կոտրվածք, իսկ Տրունինը՝ ուղեղի ցնցում ու դիմային ոսկրի կոտրվածք:

Սկզբում ռմբարկուին որակազրկել են 3 խաղով: Նույնիսկ «Սիբիրի» ղեկավարությունն է ընդունել, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Սակայն անսպասելի էր նոր որոշումը, որով որակազրկումը երկարացվել է երկու անգամ՝ մինչև 6 խաղ: Մարկոսովը խոստովանել է, որ արդեն հարյուր անգամ ասել է, որ բախման պահին չի տեսել Տրունինին:

«Չեմ ցանկանում, որ ինձ օգտագործեն ինչ-որ անդրկուլիսյան գործերում, ես ուղղակի սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ես բոլոր տարբերակները մտաբերեցի, թե ինչի հետ կարող է կապված լինել այս որոշումը: Այնպիսի զգացողություն է, որ նրանք ակումբին են ուզում վնասել, կամ ես անձամբ ինչ-որ բան եմ արել, որն ինչ-որ մեկին դուր չի եկել: Եթե այս ամենն այն պատճառով է, որ ես համաձայնվել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում, ապա ինչո՞ւ ես պետք է հրաժարվեմ: Ազգային թիմում խաղալու առաջարկ երազում է ստանալ ցանկացած ֆուտբոլիստ: Եվ թեև ես ծնվել եմ Ռուսաստանում, իմ ընտանիքի արմատները Հայաստանում են: Մի՞թե դրա համար պատժել է պետք»,-Մարկոսովի խոսքն է մեջբերում Sportbox.ru-ն: