Միջազգային ճգնաժամային խումբը ընդհանուր առմամբ նախապատրաստել է երկու զեկույց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄՃԽ Կովկասի գծով տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: «Մենք պատասրատել ենք երկու առանձին զեկույց` միասին հրապարակելու համար: Զեկույցների նպատակն է ցույց տալ հանրությանը երկու տարբեր մոտեցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Առաջին փաստաթուղթը կենտրոնացած է այն հարցերի վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում մարդկանց բնակության ծանր պայմանների հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի այլ շրջաններ տեղափոխված անձանց դրության վրա»,-նշել է նա: Նրա խոսքերով, երկրորդ զեկույցը կենտրոնացել է բանակցային գործընթացի վրա: Այն նախապատրաստվել է այնպես, որ բացատրի թե ինչպես է զարգացել բանակցային գործընթացը զինադադարից հետո: Հատկապես հանգամանալից է շոշափվում Պրահայի գործընթացի թեման, որը շարունակվում է 2004 թվականից մինչ օրս: ՄՃԽ-ն աշխատել է Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում էլ նախապատրաստվել են զեկույցները: Պատասխանելով բանակցային գործընթացին իր վերաբերմունքի մասին հարցին` Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է. «Ինչպես ես արդեն նշեցի, խմբի երկրորդ զեկույցը ներառում է Պրահայի գործընթացը եւ բանակցությունների ներկայիս փուլը: Մենք հասկանում եւ զգում ենք, որ առաջընթաց կա: Հատկապես մենք առաջընթաց ենք ակնկալում հաջորդ` 2006 թվականին: Մենք հուսով ենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր կդառնա հաջորդ տարի»:






