«ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային կառույց է, որն ունի մանդատ բանակցային գործընթացը առաջ մղելու համար: Միջազգային ճգնաժամային խումբը ոչ կառավարական կազմակերպություն է: «Մեր մտադրությունը այն է, որ քննարկումներ ծավալվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»,-հայտարարել է ՄՃԽ Կովկասի գծով տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: «Մենք մտադիր չենք մասնակցելու բանակցային գործընթացին, ավելի շուտ մենք օգնում ենք հասկանալ հանրությանը բանակցությունների գործընթացը եւ ուղղակի ապահովում ենք տեղեկատվությամբ: Մենք, որպես ոչ կառավարական կազմակերպություն, մեր առջեւ խնդիր ենք դնում օգնել հանրությանը հասկանալ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ մասնակցել այդ հարցի շուրջ ավելի լայն քննարկումներին»: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է ՄՃԽ-ի առաջարկները հավանության արժանանում Եվրոպական Միության կամ այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրոպայի խորհրդի կողմից` Ս.Ֆրեյզերը հայտարարել է.«Մենք նախապատրաստում ենք առաջարկներ, որոնք հայտնի են միջազգային կազմակերպություններին: Մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում ես անձամբ եմ ներկայացրել մեր զեկույցները եւ ստացած տվյալները եվրոպական կառույցների ներկայացուցիչներին, ներառյալ Եվրահանձնաժողովը եւ Եվրոպայի Խորհուրդը: Այդ փաստաթղթերը մենք ներկայացրել ենք նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարությանը եւ նախատեսում ենք շարունակել նույն ուղղությամբ գործել նաեւ այլ եվրոպական մայրաքաղաքներում մոտակա ամիսներին: Առայժմ մեր զեկույցները մեծ հետաքրքրություն են առաջացրել ազդեցիկ քաղաքական գործիչների մոտ»: Նա նաեւ ավելացրել է, որ տվյալ պահին ՄՃԽ-ն զեկույց է պատրաստում Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ եւ ծրագրում է հրապարակել այն հաջորդ շաբաթ:






