Հայաստանի ազգային հավաքականի ու Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոստովանել է, որ արդեն հարմարվել է ակումբին և այնտեղ իրեն շատ լավ է զգում: «Կարելի է ասել, որ արդեն սովորել եմ ռուսական կենսակերպին, բայց այդքան էլ լավ չեմ խոսում ռուսերեն»,- «Հինգշաբթի-ՖՈՒՏԲՈԼ» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Օզբիլիսը:
Ֆուտբոլիստի խոսքով, Մարկոս Պիզելլին իրեն շատ է օգնել, հատկապես, երբ նոր էր տեղափոխվել Կրասնոդար. «Հիմա էլ շատ ժամանակ ենք անցկացնում միասին: Խաղադաշտից դուրս էլ մտերիմ ընկերներ ենք: Կարծում եմ, այդպես էլ պետք է լինի»:
Օզբիլիսը նշել է, որ անհաջող ելույթների դեպքում միշտ փորձում է գտնել սխալները և մտածում է, թե ինչը կարող էին ավելի լավ անել: «Եթե խաղից առաջ հաղթանակի ակնկալիքներ ենք ունենում, բայց պարտվում ենք, շատ ուշ եմ քնում: Անընդհատ մտածում եմ հանդիպման որոշ դրվագների, չստացված հարվածների մասին՝ փորձելով ինքս իմ մեջ, առաջին հերթին, կատարել վերլուծություններ», -ասել է կիսապաշտպանը:
Նա ավելացրել է, որ ուզում է մասնագիտական ոլորտում հասնել ավելիին և լինել լավ ֆուտբոլիստ:






