Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումները` նվիրված նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ում կայանալիք «Արցախի վերածնունդ» ծրագրի համար միջոցների հավաքագրման հեռուստամարաթոնին: Տեղի է ունեցել Ա.Ղուկասյանի հանդիպումը հայտնի ձեռներեց եւ բարեգործ Կայծակ Զեթլյանի հետ: Զրույցի ընթացքում, որին մասնակցել են նաեւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսի բաժանմունքի տնօրենների խորհրդի նախագահ Մարիա Մեհրանյանը, քննարկվել են ԼՂՀ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Մոնթեբելլո քաղաքը, որտեղ մանակցել են Ստեփանակերտ եւ Մոնթեբելլո քույր-քաղաքների կոմիտեի կազմակերպած Արցախի գորգերի ցուցահանդես-վաճառքին: Ա.Ղուկասյանը իր ելույթում կարեւորել է համագործակցության հետագա ընդլայնումն ու ամրապնդումը երկու քույր-քաղաքների միջեւ: Ելույթ ունեցավ նաեւ Ա.Ղուլյանը, որը ծանոթացրեց ներկաներին «Արցախի վերածնունդ» ծրագրին:
«Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունը Մոնթեբելլոյում ընդունելություն էր կազմակերպել ԼՂՀ նախագահի պատվին: Ընդունելությունը տեղի է ունեցել հայազգի գործարարներ Բեդրոս եւ Անի Օրունջակչելների տանը: Կազմակերպության ղեկավար Զավեն Խանջյանը պատմել է ներկաներին այդ կառույցի գործունեության մասին: Հանդես են եկել նաեւ հայ առաքելական եկեղեցու արեւմտյան թեմերի առաջնորդներ արքեպիսկոպոսներ Հովնան Դերդերյանը եւ Մուշեղ Մարտիրոսյանը: Նրանք ընդգծել են ԼՂՀ առանձանահատուկ դերը ողջ աշխարհի հայերի համախմբման գործում:
Իր հերթին ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել ընդունելության բոլոր կազմակերպիչներին ԼՂ զարգացմանն աջակցելու պատրաստակամության համար: Ընդ որում Ա.Ղուկասյանը նշել է, որ «Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը հայ ժողովրդի ներկա եւ ապագա նվաճումների գրավականն է»: Նա կոչ է արել ողջ աշխարհի հայությանը ակտիվ մասնակցություն ունենալ նոյեմբերի 24-ին կայանալիք հեռուստամարաթոնին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






