Եվրոպայի Խորհուրդը մտադիր է դուրս գալ ԿՀՎ` Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերի հետքի վրա: Արբանյակներից արված լուսանկարների վերլուծությունը թույլ կտա հաստատել կամ հերքել ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը Ռումինիայում եւ Լեհաստանում, որոնց առկայության մասին հայտարարել էր Human Rights Watch ամերիկյան իրավապահ կազմակերպությունը: Այդ մասին նոյեմբերի 25-ին հաղորդել է շվեյցարացի քաղաքական գործիչ Դիկ Մարտին` Եվրախորհրդարանի պատգամավոր ազատական կուսակցությունից, հաղորդում է «Գերմանական ալիքը»: Նոյեմբերի 24-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը պաշտոնական հարցումներ է ուղարկել այդ կազմակերպության 45 անդամ-երկրներին, առաջարկելով ստուգել հաղորդագրությունները ԿՀՎ ինքնաթիռներով որոշ եվրոպական պետությունների տարածքով տեղափոխելու վերաբերյալ: Ավստրիայի ռազմա-օդային ուժերը ավելի վաղ հաղորդել էին, որ տեղեկատվություն ունեն այն մասին, Ֆրանկֆուրտի օդանավակայանը տեղափոման բազա է ծառայում կալանավորների գաղտնի տեղափոխումների համար: Մասնավորապես, նշվում է 2003 թ.հունվարի 21-ին Ֆրանկֆուրտից Ադրբեջան կատարված մեկ չվերթ, հաղորդում է Deutsche Welle-ն:
Ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, 2005 թվականի մարտին ոմն Ֆիլիպ Մորսը, ամերիկյան բեյսբոլի Boston Red Sox թիմի փոխնախագահը «Բոսթոն գլոբ» թերթին է հաղորդել, որ իրեն պատկանող Gulfstream IV մակնիշի ռեակտիվ ինքնաթիռը օգտագործվել է ԿՀՎ կողմից գաղտնի նպատակներով: 2002 թ. հունիսից մինչեւ ընթացիկ տարվա հունվարը այդ ինքնաթիռը եղել է նաեւ Ադրբեջանում: Այդ ինքնաթիռի մասին, հղում անելով արեւմտյան աղբյուրներին, «Էխո»,-ն գրել է դեռեւս 2004 թվականի վերջում: Այն ժամանակ ամերիկյան Seattle Times, Washington Post թերթերը գրել են, որ «կա Gulfstream, որի ուղեւորները ձեռնաշղթաներով են: Այդ ինքնաթիռը տեսել են ողջ աշխարհում` Պակիստանից մինչեւ Հորդանան, Ադրբեջանից մինչեւ Մարոկկո»: Սովորաբար, օդանավը թռչում էր գիշերը»:
Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովը, որին ԵԽ մարմինները բազմիցս դիմել են փորձաքննության խնդրանքով, հայտարարել է, որ «Ադրբեջանում այդ ինքնաթիռը կարող էր լինել տարբեր պատճառներով: Հնարավոր է , որ այստեղ նա լրացրել է վառելիքի իր պաշարները: Հնարավոր է, իրոք, այստեղից կալանավորներ են տեղափոխել: Չէ որ նման դեպքեր եղել են: 2000-ականների սկզբին ընդամենը մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից տեղափոխվել է ահաբեկչության մեջ կասկածվող 30 հոգի, այդ թվում այն երկրներ, որտեղ կա մահապատիժ: Դա կարեւոր է, քանի որ սա արդեն ԵԽ առջեւ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունների խախտում է: Այդ պարտավորությունները արգելում են պաշտոնական Բաքվին ԱՄՆ-ին հանձնել մահապատժի սպառնալիքի տակ գտնվող ցանկացած մարդու, առանց ամերիկյան կառավարության նախնական գրավոր երաշխիքի, որ այդ անձի հանդեպ մահապատիժ երբեւէ չի կիրառվի: Նշենք, որ նման բանտեր ունեցող ցանկացած երկրի հանդեպ կկիրառվեն պատժամիջոցներ:






