Այսօր Հայաստանում անց է կացվում սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվե: Այսօր տեղական ժամանակով ժամը 8:00 (7:00 Մոսկվայի ժամանակով) երկրի ողջ տարածքում բացվել են 1878 ընտրատեղամասեր, ինչպես նաեւ 44 տեղամաս է բացվել 28 երկրների 40 քաղաքներում` ընդհանուր առմամբ 1922 ընտրատեղամաս: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի անհրաժեշտ է 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր քանակի` 2 301 828 1/3-ը: Հանրաքվեի անցկացման համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ԿԸՀ մամլո ծառայությունում, Սահմանադրական հանրաքվեի ընթացքին կհետեւեն շուրջ 10 հազար դիտորդներ Հայաստանի 11 քաղաքական կուսակցություններից, 24 հասարակական կազմակերպություններից եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից: Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայկական կողմը հրավեր չի հղել ԵԱՀԿ-ին, ԿԸՀ մամլո ծառայությունում պարզաբանել են, որ կազմակերպության ներկայացուցիչները չեն դիտարկելու ՀՀ սահմանադրական հանրաքվեն, քանի որ ԵԱՀԿ մանդատով հանրաքվեների դիտարկում չի նախատեսվում, նախատեսված է միայն համապետական նշանակության` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների դիտարկում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում Սահմանադրության բարեփոխման հանրաքվեն դիտարկելու նպատակով ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել-չհրավիրելու վերաբերյալ որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Նրա խոսքերով, ըստ «Կոպենհագենի փաստաթղթի» 8-րդ պարագրաֆի, իշխանությունները պարտավոր չեն հրավիրել ԵԱՀԿ դիտորդներին:






