AM
27 Նոյեմբեր 2005 - 18:33 AMT

Ընդդիմության տվյալներով, ՀՀ ողջ տարածքում քվեարկել է ընտրողների ընդամենը 16,3 տոկոսը

Միացյալ ընդդիմության Հասարակական տեղեկատվական կենտրոնի տվյալներով տեղական ժամանակով 20:00 դրությամբ ՀՀ ողջ տարածքում քվեարկել է 374 667 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդամենը 16,3 տոկոսը: «Հանրաքվեն անօրինական է եւ սահմանադրական բարեփոխումները չեն անցել: Եթե իշխանությունները չեն կարողանում ոչ մի նորմալ եւ լեգիտիմ գործընթաց ապահովել, ապա այլ ելք չի մնում, քան հեղափոխությունը»,-հայտարարել է «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին միացյալ ընդդիմության կուսակցությունների առաջնորդները:

Իր հերթին, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արմեն Զ.Սարգսյանը կոչ է արել ժողովրդին մասնակցել նոյեմբերի 28-ին 15:00-ին Մատենադարանի մերձակա հրապարակում կայանալիք հանրահավաքին: Նրա խոսքերով, ներկա կառավարությունը «տանում է հանրապետությունը դեպի կործանում»: «Ընդդիմությունն ունի իր մշակած ծրագրերը, եւ մենք կգործենք այդ ծրագրերի համաձայն»,-հայտարարել է Արամ Սարգսյանը: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գ.Սարգսյանը հայտարարել է.«Ամենաբարձր գնահատականն այն է, որ ժողովուրդը չի գնացել քվեարկելու: Ես համոզված եմ, որ ընտրողների 50 տոկոսը «ոչ» է քվեարկել: Նա նշել է, որ «ամենկարեւորն այն է, որ մենք չենք կարող հույսեր կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ այդ համատեքստում ժողովուրդը հաստատել է իր կամքը»: «Դեռ երբեք չի եղել, որ ընտրատարածքում մեռյալ լռություն լիներ»,-իր հերթին հայտարարել է Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, «սա պետական դավաճանություն է» եւ պետք է մոռանալ Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ եւ նույնիսկ ԼՂՀ խնդրի մասին, քանի որ անհրաժեշտ է լուծել երկրի ներսում առկա խնդիրները: «Սա ոչ թե էվոլյուցիա է, այլ երկրի փլուզոմ»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն ՀՀ տեղական ժամանակով 21:00-ի դրությամբ Հայաստանում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 մլն 483 հազար 383 մարդ, որը կազմում է ձայնի իրավունք ունեցողների 64,4 տոկոսը: Հայաստանի մայրաքաղաքում հանրաքվեին մասնակցել է շուրջ 418 հազար հոգի` 56 տոկոսը: Արտերկում քվեարկել է Հայաստանի 18 815 քաղաքացի: