Շուրջ 20 հակառասիստական օտարերկրյա կազմակերպություններ աշխարհի 15 երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ միասին առաջին անգամ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստամբուլում: Ինչպես գրում է թուրքական Today`s zaman-ը, պատվիրակության կազմում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչները:
Եվրոպական հակառասիստական շարժման (EGAM ) գլխավոր քարտուղար Բենջամեն Աբթանը նշել է, որ սա պատմական իրադարձություն է, երբ պատվիրակությունը ապրիլի 24-ը նշում է հենց Ստամբուլում: «Դեռ 10 տարի առաջ այդ մասին նույնիսկ մտածելը ավելորդ կլիներ»,-ասել է նա:
Պատվիրակության անդամները կայցելեն Սուլթանահմեդի թանգարան, որը 1915թ. ծառայել է որպես բանտ հայերի համար: Նախատեսվում է նաև այցելություն թուրքական բանակի հայազգի զինծառայող Սևակ Բալիքչիի շիրիմին, որը սպանվեց 2011թ. ապրիլի 24-ին:






