AM
29 Նոյեմբեր 2005 - 08:56 AMT

Երեւանը եւ Բաքուն դեռեւս չեն պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին

Բաքվից եւ Երեւանից դեռեւս պատասխան չի ստացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների վերաբերյալ, մասնավորապես, հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Դիվանագետը գոհունակություն հայտնեց այն առնչությամբ, որ կողմերի պաշտոնական անձիք հավանություն են տվել հունվարին նախագահների մակարդակով բանակցություններ անցկացնելու նախաձեռնության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Յու.Մերզլյակովը գտնում է, որ մանրամասն այդ մասին հնարավոր կլինի խոսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, որը կկայանա դեկտեմբերի 5-6 Լյուբլյանայում: Հնարավոր է, հենց այդ հանդիպման ժամանակ էլ ճշտվի միջնորդների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան դեկտեմբերի կեսին կատարելիք այցի ժամկետը: Ռուս դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունները, «որոնց դատապարտմամբ հանդես է եկել պաշտոնական Բաքուն»: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ չի բացառում չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման հնարավորությունը պաշտոնական Երեւանի կողմից, եթե Բաքվի հետ բանակցությունները փակուղի մտնեն: Իսկ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, որը երբեք չի պատկանի Ադրբեջանին: Յուրի Մերզլյակովն ընդգծել է, որ համանախագահները չեն մեկնաբանում հակամարտության կողմերի արտահայտությունները: