AM
29 Նոյեմբեր 2005 - 14:19 AMT

Ռ.Քոչարյան. Սահմանադրական հանրաքվեում չեն կարող հաղթողներ եւ պարտվողներ լինել

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության մեջ համաժողովրդական հանրաքվեով փոփոխություն կատարելու մասին որոշման կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ընթացքում միանշանակ եւ վճռական «Այո» ասելու կապակցությամբ: Սա մի մեծ հաղթանակ է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդրում: Շնորհակալություն եմ հայտնում մեր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չգտնվեցին երկրի ապագայի նկատմամբ եւ ակտիվ մասնակցեցին հանրաքվեին: Կարծում եմ, որ այս հանրաքվեում չեն կարող հաղթողներ եւ պարտվողներ լինել: Սահմանադրությունը բոլորինս է, եւ այժմ ժամանակն է աշխատել միասին` սահմանադրական դրույթները կյանքի կոչող իրավական ակտերի մշակման եւ ընդունման համար: Կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին բարեփոխված Սահմանադրություն ունենալու կապակցությամբ: Ժողովրդի «Այո»-ն վկայեց երկրում բարեփոխումներն ավելի խորացնելու հասարակական պահանջի առկայության մասին: Բարեփոխված Սահմանադրությունը հարթում է Հայաստանը 21-րդ դարի ծաղկուն երկիր դարձնելու ուղին»: