AM
29 Նոյեմբեր 2005 - 15:13 AMT

Հայկական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել ԿԸՀ

Երեւանում Մատենադարանի մերձակա հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հերթական հանրահավաքը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վերջնագիր են ներկայացրել, պահանջելով անվավեր ճանաչել սահմանադրական հանրաքվեի արդյունքները 72 ժամվա ընթացքում: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ օրը դեկտեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 16:00, երբ կլրանա վերջնագրի ժամկետը: Այդ ընթացքում ընդդիմությունը մտադիր է ճշտել իր հետագա գործողությունները: Ընդ որում նշենք, որ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանրահավքին հայտարարել է, որ «նրանց համար միակ ընդունելի տարբերակը հեղափոխությունն է»: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների, բնակչությունը կամավոր ստորագրություններ է հավաքում սահմանադրական հանրաքվեին չմասնակցած անձանցից: Հետագայում այդ ստորագրությունները փոխանցվում են ընդդիմադիր ուժերին: Հանրահավաքի ընթացքում մասնակիցները ծեծի են ենթարկել միջոցառումը լուսաբանող լրագրողներից մեկին, որից հետո ընդդիմադիր առաջնորդները կոչ են արել իրենց հետեւորդներին «ձեռք չտալ» ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Նշենք, որ հանրահավաքին մասնակցել է շուրջ 3 հազար հոգի, այս պահի դրությամբ հանրահավաքի մասնակիցները հեռանում են հրապարակից: