Ռուսաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներին հիշեցնում է, որ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի են, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինը: «Որքան էլ ՆԱՏՕ-ում ինչ-որ մեկը ցանկանա աչք փակել ՀԱՊԿ-ի եւ տարածաշրջանային գործերում նրա դերակատարության վրա, հարցն արդեն կանխորոշված է: ՀԱՊԿ-ն իրողություն է եւ լուրջ իրողություն, դուր է գալիս դա որեւէ մեկին, թե ոչ»,- նշել է Գ.Կարասինը: Ըստ նրա, «ՆԱՏՕ-ն Կենտրոնական Ասիան եւ Անդրկովկասը հայտարարել է որպես իր շահերի տարածաշրջան»:
«Ոչ ոք չի ժխտում, որ ՆԱՏՕ-ն կարող է ունենալ այս կամ այն շահերը Կենտրոնական Ասիայում»,- նշել է Կարասինը: «Ընդ որում կկամենայի հիշեցնել ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին, որ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է: Շահերի գոտու եւ պատասխանատվության գոտու իմաստային տարբերությունը լրիվ հասկանալի է»,- ընդգծել է ռուս դիվանագետը: Մոսկվայում ողջունում են «ՆԱՏՕ-ի ձգտումը իր ավանդն ունենալ ահաբեկության սպառնալիքի եւ թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարում Կենտրոնական Ասիայում»: Սակայն միաժամանակ համարում են, որ «Բրյուսելում պետք է լինի հստակ այն ըմբռնումը, որ իրական ավանդ այդ խնդիրների լուծման գործում ՆԱՏՕ-ն հազիվ թե կարող է ունենալ առանց ՀԱՊԿ-ի հետ սերտորեն փոխգործակցելու», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:






