AM
1 Դեկտեմբեր 2005 - 11:22 AMT

ՀՀ ԿԸՀ-ն լիազորված չէ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները

Նախօրեին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), ի պատասխան ընդդիմության ներկայացրած պահանջի` 72 ժամվա ընթացքում չեղյալ հայտարարել նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, պարզաբանել է, որ ԿԸՀ-ն նման իրավասություն չունի: «Համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետի, հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում` արդյունքների հրապարկման պահից 7-օրյա ժամկետում», – հայտարարել է ԿԸՀ-ի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Մինչդեռ, ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այդ 72 ժամը ընդդիմությունը տվել է ոչ թե ԿԸՀ-ին, այլ` ընդհանրապես իշխանություններին: «Թող իրենք գտնեն իրավական ձեւերը` այդ հարցերը լուծելու համար», – ասել է նա, հաղորդում է «Ազատություն« ռադիոկայանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վերջնագիր էին ներկայացրել ԿԸՀ-ին` պահանջելով 72 ժամվա ընթացքում անվավեր ճանաչել սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ օրը` դեկտեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 16:00, երբ էլ սպառվում է վերջնագրի ժամկետը: Այդ ընթացքում ընդդիմությունը մտադիր է ճշտել իր հետագա գործողությունները: