AM
7 Դեկտեմբեր 2005 - 11:45 AMT

Բրազիլիայի Սան Ժոզե քաղաքում հիմնադրվել է «Արմենիա» հրապարակը

Նոյեմբերի 26-ին բրազիլական Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքում տեղի է ունեցել «Արմենիա» հրապարակի հիմնադրման հանդիսավոր արարողությունը` քաղաքապետ Էդինյո Արաուժոյի, քաղաքային խորհրդարանի նախագահ Էդուարդո Պիասենտինիի, փոխքաղաքապետի, բազմաթիվ պատգամավորների, քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչների եւ տեղի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հուշատախտակի բացումից հետո ելույթ ունեցած պաշտոնյաների թվում քաղաքապետը եւ պատգամավորների խորհրդի նախագահը բարձր են գնահատել 1928 թվականից ի վեր Սան Ժոզե քաղաքում հաստատված հայերի ներդրումը վերջինիս առաջադիմության եւ զարգացման գործում, դատապարտել անցած դարասկզբին հայերի նկատմամբ թուրքական կառավարության իրագործած ցեղասպանությունը: Հայկական համայնքի անունից պրոֆեսոր Արիս Կույումջյանը երախտագիտություն է հայտնել քաղաքային իշխանություններին հայերի անունը ներկա եւ գալիք ժամանակներում հավերժացնելու համար: Սան Ժոզե դու Ռիու Պրետուն գտնվում է Սան Պաուլո նահանգում, ունի 400 հազարից ավելի բնակիչ, հայերի թիվը մոտ 350 է: