Ադրբեջանին զենք ու մարտական ինքնաթիռներ վաճառելու Ռուսաստանի արգելքը կապված է հայկական գործոնի հետ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մեկնաբան, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը, գրում է «ԱՊԱ»-ն:
«Մինչ այդ Ռուսաստանը Ադրբեջանին էր վաճառել C-300 զենիթահրթիռային համալիրներ: Դա մեծ դժգոհություն առաջացրեց հայկական կողմի մոտ: Ինչպես գիտեք, Հայաստսնը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ռուսաստանն ու Հայաստանը համագործակցում են ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Հայկական կողմը միշտ դժգոհել է այն փաստից, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին: Նրանք մտահոգություն են հայտնել՝ հայտարարելով Ռուսաստանին. «Դուք զինում եք մեր պատմական թշնամիներին»-ասել է Բարանեցը:
Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը միշտ գլխացավանք է եղել Ռուսաստանի համար և մնում է այդպիսին՝ պաշտոնական Մոսկվան ցանկանում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի գան ու գտնեն այդ խնդրի լուծումը: Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ խնդրի լուծումը ձգձգվում է, քանի որ ոչ Բաքուն, ոչ Երևանը չեն համաձայնվում լուծման առաջարկվող տարբերակների հետ: «Շատ մեծ է նաև պատերազմի վերսկսման հավանականությունը: Հենց որ կողմերից մեկը ձգանը քաշի, պատերազմ կսկսվի: Ռուսաստանը պայմանագիր ունի Հայաստանի հետ: Պատերազմի դեպքում, անկասկած, Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանելով Հայաստանին, կկատարի իր պարտավորությունը: Այդպես է նաև ՆԱՏՕ-ում: Անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում, մյուս երկրները, կատարելով ստանձնած պարտավորությունները, օգնում են հարձակման ենթարկված երկրին»,-ասել է ռուս փորձագետը:
Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների սառեցման հիմնական պատճառը ՌԴ կողմից Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցությունն է և այն, որ Հայաստանում ռուսական զորքեր են տեղակայված: «Դա լուրջ գործոն է, որն ազդում է Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունների վրա: Եթե Ռուսաստանին թույլ տային իր զորքերը տեղակայել Ադրբեջանում, ապա, հավանաբար, ղարաբաղյան հակամարտությունը 100 տոկոսով կկարգովարվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է Վիկտոր Բարանեցը:






