AM
9 Դեկտեմբեր 2005 - 09:37 AMT

Իրանի նախագահը առաջարկել է տեղափոխել Իսրայելը Եվրոպա

Մեքքայում, որտեղ անցնում է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) գագաթնաժողովը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեղադրել է Եվրոպային` Իսրայելի կողմից Երուսաղեմի օկուպացմանը աջակցելու համար: Ելույթ ունենալով մամլո ասուլիսում, նա հայտարարել է. «Որոշ եվրոպական երկրներ պնդում են, որ Ադոլֆ Հիտլերը միլիոնավոր անմեղ հրեաների է ոչնչացրել վառարաններում, եւ պնդում են այն աստիճանի, որ եթե որեւէ մեկը համաձայն չէ դրան, ապա նման մարդկանց բանտ են նետում: Իսկ եթե այնուամենայինիվ ենթադրենք, որ դա այդպես է, ապա մեր հարցը եվրոպացիներին. Արդյո՞ք Հիտլերի կողմից անմեղ հրեա ժողովրդի սպանդը կարող է պատճառ դառնալ, որ նրանք աջակցեն Երուսաղեմի օկուպացմանը»: Մահմուդ Ահմադինեջադը կասկածելի է համարել Հոլոքոսթի եղելությունը եւ ավելացրել, որ եթե գերմանացիներն ու ավստրիացիները մեղավոր են զգում իրենց հրեաների ոչնչացման համար, ապա կարող են իրենց տարածքների մի մասը տրամադրել Իսրայելի պետությունն այնտեղ տեղափոխելու համար: Ընդ որում Ահմադինեջադը նշել է, որ այդպես անմիջապես կլուծվի պաղեստինյան խնդիրը:

Իրանի նախագահի հայտարարությունը հարուցել է համաշխարհային հանրության վրդովմունքը: ԱՄՆ Պետդեպարտամենտը որակել է այն որպես «թշնամական» եւ «վիրավորական»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել է, որ Իրանի նախագահի արտահայտությունները «շոկ» են առաջացրել իր մոտ: Հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 8-ին, գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ընդամենը մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որտեղ «մերժվում է Հոլոքոսթի որպես պատմական իրադարձության ժխտումը` լինի դա լիովին, թե մասնակիորեն»: Անանը կոչ է արել բոլոր պետություններին պայքարել պատմությունը վերանայելու եւ «Հոլոքոսթի արդյունքում հրեաների մեկ երրորդի եւ այլ փոքրամասնութույունների ներկայացուցիչների անհամար թվի սպանության բոլոր» անհերքելի փաստերը ժխտելու փորձերի դեմ: «Իսրայելը ՄԱԿ-ի վաղեմի անդամ է, որն ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ կազմակերպության մյուս անդամները,-նշել է գլխավոր քարտուղարը:-ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն բոլոր անդամ պետությունները պարտավորվել են զերծ մնալ որեւէ մի երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անվտանգության վերաբերյալ սպառնալիքներից կամ ուժի կիրառումից»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ելույթ ունենալով «Աշխարհն առանց սիոնիզմի» կոնֆերանսում, Իրանի նախագահը հայտարարել էր, որ «Իսրայելը պետք է ջնջվի աշխարհի քարտեզից»: