Մոսկվայում տեղի է ունեցել «Երեւան» առեւտրի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը` տեղադրվել է հուշապարկուճ: Ելույթ ունենալով արարողության ժամանակ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը նշել է. «Երեւան» առեւտրի կենտրոնի կառուցումը եւս մեկ քայլ է Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության ճանապարհին, մեր երկրների ղեկավարության կողմից մեր առջեւ դրված փոխհարաբերությունների զարգացման վերաբերյալ գաղափարների եւ խնդիրների իրագործման օրինակ»: Լուժկովն ընդգծել է նաեւ, որ հարաբերությունները Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ կառուցվում են ազգամիջյան համագործակցության սկզբունքների վրա, ոչ թե պառակտման, ինչպես դա քարոզում են «որոշ ազգայնական կուսակցություններ»: Մոսկավյի եւ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակներում, ըստ քաղաքապետի, մայրաքաղաքի արվարձանում կկառուցվի հայկական ապրանքների մեծածախ կենտրոն: «Երեւան» առեւտրի կենտրոնը կառուցվելու է Բ.Տուլսկայա փողոցում, նույնանուն մետրոյի կայարանի հարեւանությամբ: Շենքի ընդհանուր մակերեսը կկազմի 39 հազար ք.մ: Առեւտրի կենտրոնում կլինեն նաեւ ավտոկանգառներ` այդ թվում նաեւ ստորերկրյա, կինոթատրոն, սուպերմարկետ եւ այլ առեւտրային տարածքներ, որտեղ կիրացվեն Հայաստանից ստացվող ապրանքներ, ինչպես նաեւ գրասենյակներ: Օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել 2006 թվականի դեկտեմբերին, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալթինգը:






