Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ ուսանողների հետ: Արդեն ավանդական դարձած նմանօրինակ հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կառավարության 2013-2017թթ. գործունեության ծրագրին, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ա. Հարությունյանը հանգամանալի տեղեկատվություն է հաղորդել ծրագրում ներառված այն 4 կարևորագույն ուղղությունների վերաբերյալ, որոնց շնորհիվ առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է ՀՆԱ-ի 9-11, ներդրումների ծավալի` տարեկան 10-15 տոկոս աճ: Զարգացման բարձր ցուցանիշներ են ակնկալվում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Նախատեսվում են ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, 5-8 հազար աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի ավելացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12-15 տոկոս, հանքաարդյունաբերությունում` տարեկան 20 տոկոս աճ և այլն: Վարչապետի խոսքով, 2012թ. ԼՂՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 9,9 տոկոս աճ, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում այն կազմել է 7,2 տոկոս, իսկ Ադրբեջանում` 2,2 տոկոս: Կառավարության ղեկավարը ուսանողներին ներկայացրել է առաջիկայում ԼՂՀ-ում մեկնարկելիք կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձավ հիպոթեքային վարկավորմանը` բնակչության համար ավելի մատչելի դարձնելու հանգամանքին:






