Թուրքիայի դատարանը հայց է ստացել 100 ձկնորսների անունից, որոնք իշխանություններից փոխհատուցում են պահանջում 3 միլիոն թուրքական լիրայի չափով (2,2 միլիոն դոլար): Ձկնորսները դժգոհ են, որ Botas ընկերությունը, որը կառուցում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարը, ձկնորսության արգելք է սահմանել Ջեյհան նավահանգստի շուրջ եւ հայտարարել է, որ այդ քայլը ԲԹՋ բաժնետերերի եւ տեղի իշխանությունների որոշումն է: Ձկնորսությունը արգելվել է ոչ միայն Ջեյհանի նավահանգստային գոտու ողջ երկարությամբ, որը կազմում է 3 կիլոմետր, այլ նաեւ այդ ծովային տերմինալից 10 կմ հեռավորության վրա: Հայցվորները պահանջում են փոխհատուցել խոշոր ձկնորսային նավերի գնման ծախսերը, որոնք թույլ կտան նրանց զբաղվել ձկնորսությամբ արգելագոտուց դուրս: Այն դեպքում, եթե դատարանը հրաժարվի բավարարել նրանց հայցը, ձկնորսները մտադիր են դիմել Սթրասբուրգի Եվրոպական դատարան:
ԲԹՋ նախագծի դեմ դատավարություն է ընթանում նաեւ Ադրբեջանում: Անցած ուրբաթ այդ երկրի Գերագույն դատարանը սկսել է ուսումնասիրել հանրապետության Սամուխի շրջանի բնակիչների բողոքարկումը, որոնք նյութական վնաս են կրել այդ նավթատարի կառուցման պատճառով: Այդ երկրի Գերագույն դատարանի տվյալներով, դժգոհ քաղաքացիները հայտարարում են, որ նրանց խոստացվել էր փոխհատուցում նավթատարի կառուցման պատճառով կրած վնասի դիմաց, սակայն տեղի գործադիր մարմինները յուրացրել են այդ փողերը: Նշենք, որ 1770 կմ ընդհանուր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը անցնում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով: Նրա կառուցման արժեքը վարկերի տոկոսների հետ միասին այսօրվա դրությամբ արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը: Ըստ Ադրբեջանի Պետական նավթային ընկերության, ԲԹՋ նավթատարը շահագործման կհանձնվի 2006 թվականի մարտին: Նրա թողունակությունը կազմում է օրը 1 մլն բարել: Ենթադրվում է, որ ԲԹՋ-ն առավելագույն հզորության կհասնի չորս տարի անց, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:






