Օդեսայում կայացած «Սև Ծով» ազատ ոճի ըմբշամարտի ազատ ոճի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշեց, որ մեդալակիր դարձած ըմբիշները` Էդգար Ենոքյանը (96 կգ), Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և Վոլոդյա Ֆռանգուլյանը (60 կգ) լավ են հանդես եկել:
«Մրցավայր էինք մեկնել 6 մարզիկներով և մեզ հաջողվեց նվաճել 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ֆռանգուլյանը երիտասարդ ըմբիշ է, և ինձ ուրախացնում է այն, որ մեծահասակների մրցաշարում նա լավ հանդես եկավ ու զիջեց միայն ուժեղ ըմբիշների»,- ասաց մարզիչը:
Բաղդադյանն ընդգծեց, որ մյուս երկու երիտասարդ ըմբիշները, ում տարել էր փորձարկելու համար, չեն արդարացրել սպասելիքները, իսկ Սուրեն Մարկոսյանը վիրահատությունից հետո էր ելույթ ունենում ու նրան ևս չհաջողվեց արդյունքի հասնել:
«Այս մրցաշարից հետո մենք մեկնելու ենք Վլադիկավկազ, որտեղ մայիսի 23-27-ը կայանալու է միջազգային մրցաշար, մասնակցելու են մոտ 15 հայ ըմբիշներ: Հետո համատեղ հավաք ենք ունենալու Վլադիկավկազի թիմի հետ: Այնուհետև վերադառնալու ենք Երևան և պատրաստվելու ամռանը Կազանում կայանալիք Ուսանողական խաղերին»,- հավելեց նա:






