(?)Պարոն նախարար, խնդրում եմ նշեք այս տարիների ընթացքում Պաշտպանության բանակի ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:
(!)Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումների և թերացումների վերաբերյալ ամենաշիտակ գնահատականը կարող է տալ մեր ժողովուրդը: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա դրա ամենաազնիվ պատասխանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է, որն առաջին հերթին պայմանավորված է հենց մեր բանակի ձեռքբերումներով:
(?)Հասարակության որոշ հատվածի մոտ բանակի հանդեպ վստահության պակաս կա: Ի՞նչ է արվում, որ պատանիները չխուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից:
(!)Բանակի հանդեպ վստահության պակաս կարող են ունենալ նրանք, ովքեր անտեղյակ են բանակում տեղի ունեցող իրական զարգացումներից: Իսկ պարտադիր զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ չունենք, քանի որ բանակում մշտական և նպատակային աշխատանք է իրականացվում տվյալ ուղղությամբ: Այդ աշխատանքներից հատկապես կցանկանայի առանձնացնել բանակ-հասարակություն կապի շրջանակում նախազորակոչային տարիքի պատանիների հետ իրականացվող ռազմահայրենասիրական բնույթի գործընթացները, որոնց ներգրավվում են ինչպես հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, այնպես էլ փորձառու զինվորականներ:
(?)Ինչպե՞ս է աշխատում առողջապահական համակարգը: Այս ուղղությամբ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:
(!)Երևի թե բանակը պետական այն եզակի կառույցներից մեկն է, որտեղ յուրաքանչյուր ոք, լինի սպա, թե շարքային, տարվա ընթացքում երկու անգամ անցնում է պարտադիր բուժզննում: Բացի դրանից պարբերաբար ռազմաբժշկական ծառայության կողմից անց են կացվում նաև պլանային կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել սեզոնային վարակիչ հիվանդությունները և ձեռնարկել համապատասխան հակազդիչ քայլեր: Բոլոր զորամասերում առկա են բուժմասեր, իսկ կայազորներում՝ հոսպիտալներ, որոնք համալրված են բարձրակարգ բուժանձնակազմով և ժամանակակից նյութատեխնիկական բազայով: Սակայն այս ամենով հանդերձ, եղածը մեզ համար բավարար սահման չէ և այդ ուղղությամբ մենք շարունակում ենք անընդհատ աշխատել ու կատարելագործվել:
(?)Բանակում զինվոր-սպա հարաբերությունները երբեմն հարթ չեն ընթանում: Մեծը օրինակ է կրտսերի համար, ինչպիսի՞ն պետք է լինի և իրականում ինչպիսի՞ն է հայկական բանակի սպան, երբ զինվորը մտնում է զորմաս:
(!)Բանակում յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում և իրականացվում է զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխան: Իսկ դա նշանակում է, որ ինչպես սպան, այնպես էլ զինվորը՝ ունեն կանոնակարգված պարտականություններ ու իրավունքներ և նրանք պարտավոր են իրենց առջև դրված խնդիրները կատարել հենց այդ պարտականությունների և իրավունքների շրջանակում: Սա է բանակային իրականությունը:
(?)Եվ վերջում, ինչպիսի՞ն է հայկական բանակի դերը մեր տարածաշրջանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դեռ չլուծված կոնֆլիկտ ունի:
(!)Հայկական բանակը եղել ու մնում է մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկը:






